Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության ու ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է՝ ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցաշարի շրջանակում: Ծրագիրը 17-26 տարեկան երիտասարդ կինոարտադրողներին հրավիրեց պատրաստելու վավերագրական ֆիլմեր, որոնցում անդրադարձ կկատարվի Հայաստանում առկա սոցիալ, տնտեսական կամ քաղաքական որևէ հարցի՝ մասնակցի հայեցողությամբ: Ծրագրի ներքո հունվար-մարտ ամիսներին անցկացվեցին մի շարք դասընթացներ միջազգային ու տեղական փորձառու մասնագետների կողմից, ապա երիտասարդ հայ վավերագրողներին առաջարկվեց ներկայացնել իրենց ֆիլմերը՝ մասնակցելու մրցութային փուլին: Ներկայացված 28 ֆիլմերից միջազգային ժյուրին ընտրեց երեք լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը:
Ս.թ. հունիսի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը կհայտարարի երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի հաղթողների անունները՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն պատմություն» և «Լավագույն կինեմատոգրաֆիա» անվանակարգերում: Հաղթող երեք ֆիլմերը կցուցադրվեն, իսկ հեղինակները որպես մրցանակ կստանան HD տեսախցիկներ: «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողին նաև կշնորհվի ֆիլմերի միջազգային փառատոնի մասնակցության վկայագիր:
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը թվային տեխնոլոգիաների եզակի ուսումնական կենտրոն է Հայաստանում: Բացվելով 2011թ.` կենտրոնը թվային հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու, լավագույն մեդիա մասնագետներից սովորելու և արվեստի ու տեխնոլոգիաների համակցումը ուսումնասիրելու բաց հարթակ է ապահովել 12-18 տարեկան հազարավոր պատանիների ու աղջիկների համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս www.tumo.org: